Գիտնականներն ստեղծել են «Տիտանիկի» (որի խորտակված մասերը գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հատակում, 3 800 մետր խորության վրա) առաջին լիաչափ սքանը խորջրյա քարտեզագրման օգնությամբ։
Այդ տեխնոլոգիան թույլ է տվել ստանալ ամբողջ նավի ինքնատիպ եռաչափ պատկերը՝ այն տեսնելով այնպես, ասես թե նավը ցամաքում է։
Հետազոտողները հույս ունեն, որ դա թույլ կտա պարզել սառցաբեկորի հետ բախման հետեւանքով 1912թ. խորտակված նավի կործանման նոր մանրամասները։ Աղետի զոհ է դարձել ավելի քան մեկուկես հազար մարդ։
«Մենք դեռ չպարզված հարցեր ունենք, պարզ հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք»,- Բի-բի-սիին ասել է «Տիտանիկի» հարցերով զբաղվող մասնագետ Փարկս Սթիվենսոնը։
Նրա խոսքով՝ մոդելն «առաջին լուրջ քայլերից մեկն է՝ փաստերով խոսելու «Տիտանիկի» մասին, այլ ոչ թե կռահումներով եւ շահարկումներով»։
«Տիտանիկի» կմախքը հայտնաբերել են 1985թ., եւ այդ ժամանակվանից հետազոտողներն այն ուսումնասիրել են տարբեր միջոցներով։ Բայց նավն այնքան մեծ է եւ այնպիսի խորությունում է գտնվում, որ խցիկները կարող են ցուցադրել միայն նրա առանձին մասերը։ Խորտակված նավի կորպուսն ամբողջությամբ դեռ ոչ ոք չի տեսել։
Նոր սքանը բացում է «Տիտանիկի» ամբողջական տեսքը։ Ջրի մեջ սուզվելիս նավը երկու կես է եղել, քթամասն ու նավախելը միմյանցից բաժանվել են մոտ 800 մետր։ Նավը շրջապատված է բազմաթիվ բեկորներով։
«Տիտանիկի» սքանավորման գործողությունը 2022թ. ամռանը իրականացրել են Magellan Ltd-ի ընկերությունը, որն զբաղվում է խորջրյա քարտեզագրմամբ, եւ Atlantic Productions-ը, որը վավերագրական ֆիլմ է նկարում այդ նախագծի մասին։
Ստորջրյա սարքերը ջրի տակ անցկացրել են ավելի քան 200 ժամ՝ հետազոտելով եւ լուսանկարելով խորտակված նավի մնացորդները։
Ստացված 70 հազար լուսանկարներից գիտնականներն ստեղծել են ճշգրիտ եռաչափ վերակառուցված տարբերակը։
Գերհարդ Զայֆերտը Magellan ընկերությունից, որը ղեկավարում է արշավախմբի պլանավորումը, ասել է, որ սա ստորջրյա սքանավորման ամենամեծ նախագիծն է, որին ինքը մասնակցել է։
«Խորությունը մոտ 4 000 մետր է, սա արդեն մարտահրավեր է, միաժամանակ այստեղ կա հոսանք, եւ մեզ թույլ չէր տրվում ձեռք տալ որեւէ բանի, որպեսզի չվնասենք խորտակված նավը,- բացատրել է նա։- Մյուս դժվարությունն այն էր, որ պետք էր քարտեզագրել յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, անգամ անհետաքրքիր մասերը, օրինակ՝ բեկորների հատակին պետք էր ցեխ քսել, բայց դա հարկավոր էր, որեպսզի լրացվի այդ բոլոր հետաքրքիր օբյեկտների միջեւ ընկած միջակայքը»։
Սքանի վրա կարելի է տեսնել առանձին փոքրագույն դետալներ, օրինակ՝ սերիական համարը պտուտակներից մեկի վրա։
Քթամասը, որը ծածկված է ժանգի ստալակտիտներով, դեռեւս լավ է երեւում անգամ 110 տարի հետո։ Վերեւում գտնվում է տախտակամածը, որտեղ՝ աստիճանավանդակի տեղում, հսկայական անցք է։
Նավախելը մետաղի քաոսային զանգվածի է վերածվել։ Նավի այդ մասը քայքայվել է օվկիանոսի հատակին բախվելով։
«Տիտանիկի» կմախքի շուրջ բազմաթիբվ առարկաներ են ցրված, այդ թվում հարուստ զարդարված մետաղական իրեր, արձանիկներ եւ անգամ շամպայնի չբացված շշեր։ Կան նաեւ անձնական իրեր, այդ թվում տասնյակ կոշիկներ։
Ծովն աստիճանաբար քայքայում է խորտակված նավը, միկրոբները ոչնչացնում են նրա կմախքը, նավն աստիճանաբար մասերի է բաժանվում։ Պատմաբանները հիանալի գիտակցում են, որ ծովային աղետը լրիվ հասկանալու համար շատ քիչ ժամանակ է մնում։
Նոր սքանը հիանալի հնարավորություն է ընձեռում ժամանակի մեջ «սառեցնելու «Տիտանիկի» գերեզմանը՝ գիտնականներին թույլ տալով ուսումնասիրել ամենափոքր դետալները։
































