ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին թույլ չեն տվել մեկնել Ղազախստան՝ նրա այցի անցանկալի լինելու պատճառով, հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությունը։

Զատուլինին թույլ չեն տվել անցնել անձնագրային հսկողության գոտի։ Թե ինչ նպատակով էր պատգամավորը մեկնում Ղազախստան, պարզ չէ։

«Որոշ դժվարություններից եւ իրավիճակին Ռուսաստանի ԱԳՆ միջամտությունից հետո խնդիրը լուծվել է»,-РБК-ին հայտնել է Զատուլինի մամուլի ծառայությունը։

Անցած տարվա հունիսին Զատուլինը նկատողություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին։ Մեկնաբանելով Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չճանաչելու մասին Տոկաեւի հայտարարությունը, Զատուլինն ասել էր․ «Եթե բարեկամություն չկա, ապա ամեն ինչ հնարավոր է, որ տեղի ունենա ինչպես Ուկրաինայի դեպքում»։

Սեպտեմբերին Զատուլինը մեկնաբանել է ղազախական բանկերի կողմից «Միր» քարտերով աշխատելուց հրաժարվելը։ Նա ասել է, որ երկիրը «շատ ռիսկի է դիմում»՝ կենտրոնանալով Արեւմուտքի պատժամիջոցների վրա: