TikTok-ի իրավաբանները դատի են տվել Մոնտանա (ԱՄՆ) նահանգի իշխանություններին, որոնք արգելել են իրենց տարածքում համանուն սոցցանցը, նշել է ABC News-ը։

«Մենք կբողոքարկենք TikTok-ի ոչ սահմանադրական արգելքը Մոնտանայում, որպեսզի պաշտպանենք մեր բիզնեսը եւ սոցցանցի հարյուր հազարավոր օգտատերերին նահանգում։ Մենք հավատում ենք, որ մեր իրավաբանական մարտահրավերը գերազանցություն կստանա դատարանում՝ ի հաշիվ նախադեպերի եւ փաստերի չափազանց համոզիչ հավաքման»,- նշվել է TikTok-ի հայտարարությունում։

Հայցում ընկերությունը նաեւ պնդել է, որ TikTok-ի աշխատանքի սահմանափակումը Մոնտանայում խախտում է ԱՄՆ սահմանադրության առաջին լրացումը խոսքի ազատության երաշխիքների մասին։

Մոնտանա նահանգի իշխանություններն ընդունել են օրենք դեռեւս 2023թ. ապրիլին սոցցանցն արգելելու մասին։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Google եւ Apple ընկերությունները պետք է հանեն TikTok հավելվածը App Store-ից եւ Google Play-ից։ Միեւնույն ժամանակ, սերվիսի արգելափակում չի նախատեսվում։

Եթե սոցցանցի իրավաբաններին չհաջողվի դատարանում ապացուցել այս պահանջի անօրինականությունը, IT-կորպորացիաները պարտավոր կլինեն ենթարկվել Մոնտանայի իշխանություններին 2024թ. հունվարի 1-ից։ Հակառակ դեպքում Google-ը եւ Apple-ը կտուգանվեն օրական 10 հազար դոլարով՝ տեղի օրենքի պահանջի չկատարման յուրաքանչյուր օրվա համար։