Euronews Romania հեռուստաալիքի եթերում Սանդուն նշել է, որ Մոլդովան ստորագրել է Միջազգային քրեական դատարանի համաձայնագիրը եւ կհարգի դատարանի որոշումը, տեղեկացրել է deschide.md-ն։

Մայա Սանդուն հայտարարել է, որ ներկայում Մոլդովային ոչինչ չի սպառնում, քանի որ պատերազմը, որն սկսել է Ռուսաստանը, մեր սահմաններից հեռու է։

«Այժմ չկա ռազմական ներխուժման վտանգ Մոլդովայի Հանրապետության համար՝ շնորհիվ Ուկրաինայի, որը ռուսական բանակը հեռու է պահում մեր սահմաններից։ Բայց մենք բախվում ենք մեր երկիրն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին։ Մենք խոսել ենք այդ փորձերի մասին մի քանի ամիս առաջ։ Բարեբախտաբար, մեր ինստիտուտներին հաջողվել է պաշտպանել երկիրը, եւ մենք դառնում ենք էլ ավելի կայուն։ Երկար տարիներ մենք տեսել ենք, որ Ռուսաստանը փորձել է շանտաժի ենթարկել մեր երկիրը՝ օգտագործելով էներգիան»,- ասել է նախագահը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում, առաջին անգամ Մոլդովայի անկախության ձեռքբերման պահից ի վեր, բացի Մերձդնեստրից, ռուսական գազ չի սպառում։

«Նման բան տեղի է ունենում առաջին անգամ։ Դա նշանակում է, որ մենք դիվերսիֆիկացվում ենք, որ մենք կախված չենք Ռուսաստանից, ինչպես եղել է երեք տասնամյակ։ Մենք աշխատում ենք, դառնում ավելի դիմացկուն, բայց, իհարկե, մեզ աջակցություն է պետք։ Քարոզչությունը մեծ խնդիր է, եւ այն ազդել է մեր դեմոկրատական գործընթացի վրա»,- նշել է նախագահը։

Սակայն, պետության ղեկավարի խոսքով, եկեղեցու մի մասը, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչներ ծառայում են Ռուսաստանի շահերին Մոլդովայի Հանրապետությունում։ Պետական հաստատություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի խանգարեն նրանց ջանքերին։

«Մենք ամրացնում ենք մեր ինստիտուտները, բարեփոխում մեր հետախուզական ծառայությունները, մշակում երկրի անվտանգության նոր ռազմավարությունը, որպեսզի վստահ լինենք, որ մեր պետությունը կդառնա բավական ուժեղ եւ թույլ չի տա նման մարդկանց խափանել մեր պետությունն ու Մոլդովայի Հանրապետության ջանքերն ու շահերը։ Դուք գիտեք, որ ներկա պահին գոյություն ունի հանցավոր, կոռուպցիոն խումբ, որը գլխավորում է մի մարդ, որը դատված է բանկային ոլորտում խարդախության համար եւ այժմ թաքնվում է Իսրայելում։ Նա մեր երկիրն ապակայունացնելու ռուսական փորձերի գլխավոր ներկայացուցիչն է։ Մեր հաստատությունները փաստագրում են, հավաքում ապացույցներ, եւ մենք հույս ունենք ավելի շատ արդյունքներ տեսնել այդ գործընթացում, որպեսզի պարզենք նրանց, որոնք աշխատում են Մոլդովայի Հանրապետության դեմ, որոնք փորձում են խափանել մեր ջանքերը եւ որոնք ծառայում են Ռուսաստանի շահերին մեր երկրում»,- ընդգծել է նախագահը։