Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կառլսոնը ոչ մի պարագայում մտադիր չէ առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններին, և իր առաջադրման քաղաքական գործողությունների հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունն այն բանից հետո, երբ դրան սպառնում էին դատական գործով, ասել է Կառլսոնի փաստաբան Հարմիթ Դիլոնը: Նրա խոսքերը մեջբերում է Hill թերթը։
«Պարոն Կառլսոնը ոչ մի պարագայում չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին, և արդյունքում ձեր ապատեղեկատվությունը վնասում է պարոն Կառլսոնին և խաբում նրա կողմնակիցներին»,- կոմիտեին ուղղված նախազգուշական նամակում գրել է Դիլոնը։
Ավելի ուշ Դիլոնը հաստատել է Twitter-ում, որ «Draft Tucker PAC-ը դադարեցնում է իր գործունեությունը Կառլսոնի կողմից իրավական պատասխանատվության սպառնալիքից հետո»:
Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ Draft Tucker PAC-ը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության հովանավորներից և ԱՄՆ Կոնգրեսի նախկին թեկնածու Քրիս Էքստրոմի կողմից, ապրիլի վերջին փաստաթղթեր է ներկայացրել Դաշնային ընտրական հանձնաժողով: Կոմիտեի հրապարակայնության արշավը հայտարարում էր, որ բանավեճում «Թաքերը կջարդի Բայդենին»։





























