Եգիպտոսը պատրաստ է բարձրացնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի այցից հետո, հաղորդում է Mehr-ը։

Օմանի սուլթանի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի վերջերս կայացած հանդիպումից հետո որոշ իրազեկ դիվանագիտական աղբյուրներ հայտնել են, որ Թեհրանի եւ Կահիրեի միջեւ հարաբերությունների վերականգնումը հանդիպման ընթացքում քննարկված ամենակարեւոր հարցերից մեկն էր:

Աղբյուրները նաեւ նշել են, որ Օմանի սուլթանի այցը Եգիպտոս եւ աս-Սիսիի հետ նրա հանդիպումը շուտով կարող են մեծ քայլերի հանգեցնել իրանա-եգիպտական հարաբերություններում: 

Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել է, որ Իրանն ու Եգիպտոսը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ իրենց դեսպանատների աշխատանքի վերականգնման ճանապարհին են:

Հունվարին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը եւ Եգիպտոսի նախագահը դրական բանակցություններ են վարել 2022 թվականի դեկտեմբերին Հորդանանում կայացած Իրաքի վերաբերյալ տարածաշրջանային գագաթաժողովի շրջանակում։