Վաշինգտոնում Չինաստանի նոր դեսպան Սե Ֆենը ժամանել է ԱՄՆ. նա այստեղ է եկել այն բանից հինգ ամիս հետո, երբ իր նախորդը՝ Ցին Գանը, նշանակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարար։ Դիվանագետին Նյու Յորք բերած ինքնաթիռի վայրէջքի մասին տեղեկությունը երեքշաբթի տեղադրվել է Չինաստանի դեսպանության կայքում։

«Ներկայում չին-ամերիկյան հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների եւ մարտահրավերների,- հաղորդագրությունում մեջբերվել են Սե Ֆենի խոսքերը։- Ես եւ իմ գործընկերներն առաջ ենք գնալու՝ չնայած դժվարություններին, մենք մինչեւ վերջ կկատարենք մեր պարտքը եւ պատվով կկատարենք մեր առաքելությունը»։

2021թ. հուլիսից Վաշինգտոնում Չինաստանի դեսպանը Ցին Գանն էր։ 2022թ. դեկտեմբերի վերջին նա նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Այդ ժամանակվանից Չինաստանը դիվանագիտական ներկայացուցչության նոր ղեկավար չէր ուղարկել ԱՄՆ։

Սե Ֆենը ծնվել է 1964թ.։ Մինչ Վաշինգտոնում դեսպան նշանակվելը նա 2021-ից աշխատել է փոխարտգործնախարար։ 2017-2021թթ. զբաղեցրել է Հոնկոնգում Չինաստանի ԱԳՆ հանձնակատարի պաշտոնը, 2014-2017թթ. դեսպան էր Ինդոնեզիայում։

Սե Ֆենն աշխատել է դիվանագիտական կառույցներում 1986-ից։ Նա կատարել է խորհրդականի (2000-2003) եւ բանագնացի (2008-2010) աշխատանք ԱՄՆ դեսպանությունում։ 2010-2014թթ. Սե Ֆենը գլխավորել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Հյուսիսային Ամերիկայի եւ Օկեանիայի դեպարտամենտը։