Պաշտոնական այցով Պակիստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար-գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը հանդիպել է այդ երկրի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ կատարելով պաշտպանության նախարարությանը։
Կողմերն առանձնազրույց են ունեցել, իսկ հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Ընդգծվել է, որ Պակիստանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը, ընդգծվել է լայն հնարավորությունների առկայությունը ռազմական կապերի հետագա ընդլայնման համար։
Գլխավոր շտաբի պետը հատկապես ընդգծել է, որ Պակիստանի հետ համագործակցության զարգացումը եւ ընդլայնումը ռազմական ոլորտում, ինչպես եւ ցանկացած այլ ոլորտում, մշտապես գտնվում է Ադրբեջանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Վելիեւն օգտվել է հնարավորությունից եւ հնչեցրել հորինված մեղադրանքներ Հայաստանի հասցեին՝ նրան վերագրելով հանցավոր գործողություններ, որոնք կատարել է ինքը՝ Ադրբեջանը։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների բանակների զորատեսակների միջեւ կապերի ընդլայնման, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա համատեղ զորավարժությունների անցկացման եւ եռակողմ համագործակցության հետագա զարգացման կարեւորությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարին եւ անվտանգությանը վերաբերող այլ հարցեր։




























