Լեհաստանի փոխարտգործնախարար, փոխհատուցման հարցերով կառավարության լիազոր Արկադիուշ Մուլյարչիկը մեկնաբանել է Գերմանիայի պատասխանը՝ Վարշավային Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկրի պատճառած վնասի համար փոխհատուցում վճարելու վերաբերյալ բանակցություններ վարելու խնդրանքին: Նրա խոսքը մեջբերում է PAP գործակալությունը։
Մուլյարչիկը քննադատել է Գերմանիայի կողմից փոխհատուցումները քննարկելուց հրաժարվելը եւ հայտարարել, որ իր որոշման մեջ բացակայում է «իրավական հիմնավորումը»։ «Այս պատասխանը, որը ձեւակերպված է մեկ նախադասությամբ, ցույց է տալիս բացարձակ անհարգալից վերաբերմունք Լեհաստանի եւ լեհերի նկատմամբ»,-մեղադրել է նա Բեռլինին։
Լեհաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ զարմացած է այդ հարցը քննարկելու Բեռլինի դժկամությունից: Նրա կարծիքով՝ Գերմանիան չի ձգտում բարեկամական հարաբերություններ հաստատել Լեհաստանի հետ, այլ հակառակը՝ ծրագրում է «այստեղ հաստատել իր ազդեցության ոլորտը եւ Լեհաստանին վերաբերվել որպես վասալի»։
Դիվանագետը նաեւ խոստացել է հետեւողականորեն եւ ինտենսիվորեն զբաղվել Գերմանիայից փոխհատուցումների հարցով։ Նա հույս է հայտնել, որ մի օր Բեռլինը ստիպված կլինի փոխել իր դիրքորոշումը։





























