Պակիստանում պաշտոնական այցով գտնվող Քերիմ Վելիեւը՝ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը, հանդիպել է այդ երկրի դաշնային պաշտպանության նախարար Ասիֆ Մուհամեդ Հավաջայի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ժամանակ Հավաջան նշել է Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ ռազմական համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ իր երկիրն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հատուկ նշանակություն է տալիս մեր երկրի հետ ռազմական կապերի ընդլայնմանը։

Նշելով, որ Ադրբեջանը եւ Պակիստանը փոխադարձ աջակցություն են ցուցաբերում ինչպես երկկողմ ձեւաչափի բոլոր հարցերում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում, նախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը եւ նոր մարտահրավերներն Ադրբեջանի եւ Պակիստանի գտնվելու տարածաշրջաններում երկկողմ ռազմական համագործակցությունն  ամրապնդելու անհրաժեշտություն են ստեղծում։ Հավաջան ընդգծել է երկու երկրների բանակների մարտունակության բարձրացման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ ձեռք բերված արդյունքների հետագա զարգացման կարեւորությունը։

Կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ ընդգծել են Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման կարեւորությունը։