Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը պաշտոնապես ներկայացրել է իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին մասնակցելու համար, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը։
Դեսանտիսի որոշման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նա դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով։ Սպասվում է, որ հինգշբաթի նա առցանց զրույց կունենա գործարար Իլոն Մասկի հետ եւ հրապարակավ կհայտարարի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին:
44-ամյա Դեսանտիսը 2019 թվականից Ֆլորիդայի նահանգապետ է։ Մինչ այդ՝ 2013-2018 թվականներին նա այս նահանգից եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Նա համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ամենալուրջ մրցակիցը հանրապետական մյուս թեկնածուների շրջանում։
Հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու մասին արդեն մի քանի հոգի հայտարարել են, այդ թվում՝ Թրամփը, Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Թիմ Սքոթը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը եւ գործարարներ Վիվեկ Ռամասվամին, Փերի Ջոնսոնը, ինչպես նաեւ ռադիոհաղորդավար Լարի Էլդերը:
Ավելի վաղ, մեկնաբանելով մրցարշավին մասնակցելու Սքոթի մտադրությունը, Թրամփն այն անվանել էր «Մեծ քայլ առաջ», ի տարբերություն Դեսանտիսի։ Հենց Դեսանտիսին են անվանում Թրամփի համար գլխավոր հանրապետական մրցակից։
Դեմոկրատական կուսակցությունից մինչ այժմ նախագահական փրայմերիզներին մասնակցելու համար իրենց թեկնածությունն առաջադրել են ԱՄՆ ներկայիս նախագահ 80-ամյա Ջո Բայդենը, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկ Ռոբերտ Քենեդի կրտսերը եւ գրող Մարիաննա Ուիլյամսոնը։
Դեսանտիսը մեծ ժողովրդականություն է վայելում, եւ ըստ բազմաթիվ հարցումների արդյունքների՝ հանրապետականների համակիրների շրջանում որպես ընտրությունների թեկնածու նա առաջատար է։ Նա Յելի եւ Հարվարդի համալսարանների շրջանավարտ է, կրթությամբ՝ իրավաբան։





























