Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը հանրապետությունում ոչ բարեկամական երկրների ագրեսիվ քաղաքականության պատասխանն է։

«Ռազմական անվտանգության ապահովման, այդ թվում Միութենական պետության արեւմտյան սահմանների պաշտպանության համար Բելառուսի Հանրապետությունում սեւեռուն ուշադրություն է հատկացվում զինված ուժերի պատրաստության եւ ըստ նշանակության խնդիրները կատարելու կարողության հարցերին»,- ասել է նա ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։ Նրա խոսքերը մեջբերել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ Խրենինի՝ երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ընդունվել են տարածաշրջանային զորախմբավորումների մարտական պոտենցիալի հզորացման միջոցներ, այդ թվում սպառազինության նոր նմուշներով (ինչպիսին են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը, Ս-400 զենիթային հրթիռային համակարգը) զինվելուն։ Կատարվել է նաեւ Սու-25 ինքնաթիռների վերասարքավորում՝ միջուկային խոցման ավիացիոն միջոցների կիրառման հնարավորությամբ։

«Բացի այդ, 1994թ. դեկտեմբերի 5-ի Բուդապեշտի հուշագրով Բելառուսի Հանրապետությանը տրված անվտանգության երաշխիքները չկատարելու, ինչպես նաեւ «հավաքական» Արեւմուտքի երկրների կողմից Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող գործողություններով ամրապնդվող եւ չդադարող ռազմատենչ հռետորաբանության պայմաններում մեր պետությունների ղեկավարների հանձնարարությամբ կազմակերպվել է Բելառուսի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայման աշխատանք։ Դա կլինի մեր ոչ բարեկամական երկրների ագրեսիվ քաղաքականության գործուն պատասխանը եւ, հույս ունենք, կստիպի նրանց ղեկավարություններին մտածել տարածաշրջանում իրադրության հետագա սրման անթույլատրելիության մասին»,- նշել է Խրենինը։

Նա տեղեկացրել է, որ «իրականացված եւ ծրագրված միջոցառումները մեկ անգամ եւս ընդգծում են մեր գերատեսչությունների միջեւ առկա փոխգործակցության ռազմավարական ձեւաչափը»։ «Բելառուսի Հանրապետությունն ապագայում եւս վճռական է տրամադրված սերտ համագործակցության ամրապնդման եւ զարգացման հարցում՝ ի շահ Միութենական պետության անվտանգության ապահովման»,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը։