Amnesty International-ը տրամադրել է տվյալներ, որոնք արտացոլում են Access Now-ի կողմից արված նոր եզրակացությունները եւ հաստատված տուժած անձանց թարմացված թիվը, որոնք համաձայնել են հիշատակվել հրապարակման մեջ:

  • Առնվազն 12 հայ հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ եւ իրավապաշտպաններ, հայտնվել են լրտեսական Pegasus ծրագրային ապահովման թիրախում։

  • Pegasus նախագծի հետաքննությունը ցույց է տվել, որ ավելի քան 1000 ադրբեջանական համարներ ընտրվել են Pegasus ծրագրային ապահովման միջոցով լրտեսման համար:

 

  • Amnesty Tech-ը ամբողջ աշխարհի իշխանություններին կոչ է անում արգելել բարձր ինվազիվ լրտեսող ծրագրերը, որոնք չեն հայտնաբերվում եւ որոնց օգտագործումը խաթարում է մարդու իրավունքների երաշխիքները:

Իրավապաշտպան կազմակերպությունների եւ ՏՏ անվտանգության փորձագետների համատեղ հետաքննությունը պարզել է, որ առնվազն 12 հայ հասարակական գործիչներ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ լրագրողներ եւ իրավապաշտպաններ, թիրախ են դարձել իսրայելական NSO խմբի Pegasus լրտեսող ծրագրերի կողմից Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերից  մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր։ Access Now-ի, Citizen Lab-ի, CyberHUB-AM-ի, բջջային անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանի կողմից իրականացված հետաքննությունը Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի հետ համատեղ ցույց է տալիս, որ նման լրտեսման պատճառ կարող էր լինել հակամարտությունը:

«Այս հետաքննությունն ընդգծում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ուղղված լրտեսող ծրագրային ապահովման սպառնալիքների լրջությունը: Իշխանությունները պետք է դադարեցնեն խոսքի ազատությունը ճնշելու բոլոր փորձերը եւ երկու երկրներում Pegasus-ի օգնությամբ հարձակումների վերաբերյալ անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնեն», -ասել է Amnesty  International-ի անվտանգության լաբորատորիայի ղեկավար Դոննհա Օ'Քերոլը:

Pegasus-ը լայնորեն օգտագործվել է Ադրբեջանում՝ լրագրողների, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների լայն շրջանակի թիրախային լրտեսման համար: Pegasus նախագիծը ցույց է տվել, որ ավելի քան 1000 ադրբեջանական համարներ լրտեսման պետական ​​ պատվիրատուի կողմից ընտրվել են թիրախավորման համար: Amnesty International-ը ապացույցներ է ստացել, որ Intellexa-ի  կողմից մշակված մեկ այլ լրտեսական արտադրանք, որը կոչվում է Predator, տեղակայվել է Հայաստանում գտնվող սերվերային ենթակառուցվածքից: Meta-ից անվտանգության հետազոտողները Հայաստանում հայտնաբերել են նաեւ Predator-ի հավանական հաճախորդի:

Հայաստանում հետաքննությունը սկսվեց, երբ Apple-ը 2021 թվականի նոյեմբերին ծանուցումներ ուղարկեց օգտատերերին՝ նախազգուշացնելով լրտեսող ծրագրերով հնարավոր թիրախային լրեստման մասին։ CyberHUB-AM-ը եւ Access Now-ն, Citizen Lab-ի աջակցությամբ, հետագայում հաստատեցին, որ այս մարդկանցից մի քանիսի Apple սարքերը վարակված են եղել Pegasus-ով:

Լրտեսող ԾԱ զոհ են դարձել լրագրողները, իրավապաշտպաններն ու պաշտոնյաները

Տուժածների գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սարքերի վարակումը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Հայաստանում Pegasus-ով վարակման առաջին խումբը եղել է 2020 թվականին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկրի պարտությունից հետո քաղաքական ճգնաժամի եւ 2021 թվականի ընթացքում։ Վարակների երկրորդ խումբը տեղի է ունեցել 2022 թվականին՝ համընկնելով հակամարտության գոտում լուրջ էսկալացիայի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Սոչիում եւ Պրահայում խաղաղ բանակցությունների հետ, ինչպես նաեւ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետ։

Հայաստանում Pegasus-ի վարակման առաջին ալիքի ընթացքում հետաքննությունը հայտնաբերել է տասը մարդու, որոնք թիրախ են դարձել 2020-ից 2021 թվականներին, հայտնաբերվել է նրանց բջջային սարքերի հաջող վարակման ավելի քան 30 դեպք:

Ընդհանուր  տուժել են՝

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի հայկական ծառայության՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը եւ Աստղիկ Բեդեւյանը, որոնց սարքերը վարակվել են համապատասխանաբար 2021 թվականի ապրիլին եւ մայիսին, երբ նրանք լուսաբանում էին Հայաստանում քաղաքական ճգնաժամը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքները։

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների նախկին հանձնակատար Ռուբեն Մելիքյանի սարքը վարակվել է 2021 թվականի մայիսին, երբ նա ակտիվորեն հետեւում էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի սարքը մի քանի անգամ վարակվել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված բանակցություններին մասնակցելու ընթացքում։

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանի iPhone-ը վարակվել է 2021 թվականի հունիսին, երբ նա դասախոսություններ էր կարդում Ադրբեջանի տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության թեմայով։

ArmNews TV-ի համահիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հայտնի քննադատ Սամվել Ֆարմանյանի սարքը Pegasus-ով վարակվել է 2022 թվականի հունիսին՝ վարակման երկրորդ ալիքի ժամանակ։

Հայաստանում մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը, որը հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հնարավոր հանցագործությունների մասին հայտարարություններով էր հանդես գալիս, տուժել է 2022 թվականի հոկտեմբերին։

12 մարդկանցից հինգը, որոնց սարքերում հայտնաբերվել է լրտեսող ԾԱ, եւ որոնք մասնակցել են հետաքննությանը, նախընտրել են անանուն մնալ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեկ ակտիվիստ, քաղաքացիական հասարակության մեկ գործիչ եւ ՄԱԿ-ի աշխատակից:

Այլ անձինք Apple-ից հնարավոր վարակի մասին նույնպես նախազգուշացնող ծանուցումներ են ստացել, սակայն նրանց սարքերի լրտեսման ապացույցները մնում են ոչ համոզիչ՝ նրանց տվյալների սահմանափակ հասանելիության պատճառով: