Պակիստանի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Իմրան Խանը խնդրագիր է ներկայացրել Պակիստանի Գերագույն դատարան՝ «չհայտարարված պատերազմ» անվանելով իշխանությունների կողմից բանակի ներգրավումը անկարգությունների ճնշման համար, տեղեկացրել է Dawn թերթի կայքը։

Թերթի տվյալներով՝ «Թեհրիկ-ի-Ինսաֆ» («Արդարության շարժում») կուսակցության նախագահ Իմրան Խանը հայտարարել է, որ ձերբակալությունները, հետաքննությունները եւ քաղաքացիների դատավարությունները ռազմական տրիբունալի կողմից ըստ 1952 բանակային ակտի՝ «սահմանադրական չեն, զուրկ են իրավաբանական ուժից եւ հավասարազոր են սահմանադրության, օրենքի տառի եւ դատարանների անկախության անտեսմանը»։

Իմրան Խանն իր խնդրագիրն ուղարկել է Գերագույն դատարան կուսակցությունից իր կողմնակիցների «զանգվածային հեռանալու» համատեքստում։ Այս առնչությամբ, ինչպես տեղեկացրել է Dawn-ը, նա հայատրարել է, որ քաղաքական գործիչներին «հակասահմանադրական ձեւով» ստիպում են հեռանալ «Թահրիկ-ի-Ինսաֆի» ղեկավարությունից։

Իմրան Խանը Գերագույն դատարանին կոչ է արել դատական հանձնաժողով հրավիրել մայիսի 9-ի իրադարձությունները հետաքննելու համար։ Այդ օրը Պակիստանի կոալիցիոն իշխանությունները, որոնց աջակցում է ռազմական վերնախավը, կալանավորեցին Իմրան Խանին, որն ինքն էր ներկայացել հարցաքննության իրեն ներկայացված կոռուպցիայի մեղադրանքների հետ կապված։ Դրանից հետո Պակիստանի որոշ քաղաքներում անկարգություններ բռնկվեցին, կատարվեցին հարձակումներ ռազմական օբյեկտների եւ զինվորական հրամանատարների սեփականության դեմ։ Գերագույն դատարանի պահանջով Իմրան Խանը գրավի դիմաց ազատ արձակվեց։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, միաժամանակ, երկրում մայիսի 9-ին սկսված անկարգություններն անվանեց «նախազգուշացման ազդանշան»։

Dawn-ի տվյալներով՝ Շարիֆը ելույթ է ունեցել Պակիստանում մայիսի 25-ին նշվող Նահատակների հիշատակի արարողության ժամանակ։