Եվրամիությունն այլեւս կախված չէ ռուսական հանածո վառելիքից: Այս մասին հինգշաբթի՝ մայիսի 25-ին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին: Վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ ունակ է դիմակայել Ռուսաստանին եւ էներգիայի աղբյուրները որպես զենք օգտագործելու նրա փորձերին, ասել է նա:
«Ռուսական ածխի ներմուծումը ԵՄ դադարել է, նավթի ներմուծումը չնչին մասն է կազմում այն ամենի, ինչ եղել է պատերազմից առաջ, իսկ ռուսական գազն արագորեն անհետանում է ԵՄ շուկայից»,-նշել է Մաքֆին: Այսպես, ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները պատմականորեն կազմել են Եվրամիության ներմուծման մոտ 45-50 տոկոսը՝ նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 8 տոկոս։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնների շնորհիվ։ Առաջինը հուսալի մատակարարների հետ աշխատանքն է, որոնցից ԵՄ երկրները 2022 թվականին 70 մլրդ խմ-ով ավելի գազ են գնել ։ Գլխավոր արտահանողներ են դարձել ԱՄՆ-ն ու Նորվեգիան, ընդ որում՝ այլընտրանքային գործընկերներ գտնելու ուղղությամբ Եվրահանձնաժողովի ջանքերը շարունակվում են։
Երկրորդ որոշիչ գործոնը Եվրամիության քաղաքացիների եւ ձեռնարկությունների հավաքական ջանքերն են էներգախնայողության ուղղությամբ։ Էներգետիկ ճգնաժամի սկզբում Եվրահանձնաժողովն առաջարկում էր նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով, սակայն արդյունքում այդ ցուցանիշը հասել է գրեթե 18 տոկոսի: Այդ ծավալի կեսը տնտեսել են տնային տնտեսությունները։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ում բնակիչներին եւ ընկերություններին հաջողվել է տնտեսել 50 միլիարդ խորանարդ մետր գազ։
Երրորդ գործոնը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրամիությունում 16 տոկոսով ավելի շատ հողմային եւ արեւային էներգիա են արտադրել, քան մեկ տարի առաջ, ինչը թույլ է տվել փոխարինել 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը, հայտնել են Բրյուսելում: Այս ուղղության հետագա զարգացման համար ԵՄ անդամ երկրները մուտք ունեն 270 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամ, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով օգնել նրանց հրաժարվել ռուսական էներգակիրներից։
Այժմ Եվրամիությունում գազապահեստարանները լցված են 66 տոկոսով, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար պատմական առավելագույնն է, ընդգծել է Մաքֆին: Բրյուսելի նպատակն է նոյեմբերի 1-ին հասնել 90 տոկոսի։




























