Կանադան Կիեւին կհանձնի «օդ-օդ» դասի 43 կառավարվող AIM-9 Sidewinder ավիացիոն հրթիռ իր պաշարներից։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Անիտա Անանդը Արեւմուտքի ստեղծած՝ Ուկրաինա զենքի մատակարարումը համակարգող բազմազգ խմբի նիստում, որը տեղի է ունեցել հինգշաբթի։

«Նախարար Անանդը նաեւ հայտարարել է, որ Կանադան Ուկրաինային կհանձնի 43 AIM-9 հրթիռ Կանադայի ԶՈւ պաշարներից»,- նշվել է միջոցառման ամփոփիչ հայտարարությունում, որը տարածել է պաշտպանության նախարարությունը։

Անանդը, որը հանդիպմանը մասնակցում էր տեսակապով, նշել է նաեւ, որ զենքի եւ զինամթերքների մատակարարումն Ուկրաինա, որի մասին հայտարարվել էր ապրիլին, «ընթանում է ըստ պլանի»։ Օտտավան արդեն Կիեւին հանձնել է ինքնաձիգներ, գնդացիրներ եւ դրանց փամփշտակալներ, իսկ 5,56 միլիմետրանոց 1 մլն փամփուշտ եւ ինքնաձիգների հավելյալ խմբաքանակը կուղարկի առաջիկա շաբաթում։ Կանադան նախատեսում է Ուկրաինա ուղարկել ընդհանուր առմամբ 21 հազար միավոր հրազեն եւ 2,4 մլն փամփուշտ

Կանադայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022թ. սկզբից երկիրն Ուկրաինային հատկացրել է ավելի քան 8 մլրդ կանադական դոլար (մոտ 5,9 մլրդ ամերիկյան դոլար), ընդ որում՝ այդ գումարից 1 մլրդ-ն (մոտ 730 մլն դոլար) կազմել է հենց ռազմական օգնությունը։ Օտտավան պարտավորվել է նաեւ Կիեւին հանձնել ութ Leopard 2A4 տանկ, մեկ նորոգող-էվակուացիոն մեքենա, 39 զրահապատ մեքենա, հաուբիցներ եւ NASAMS զենիթահրթիռային համալիր։

Նախարարը տեղեկացրել է, որ Կանադան ընդլայնում է իր ներկայությունը Լեհաստանում եւ այդ երկիր կուղարկի ութ բուժական հրահանգիչ՝ ի հավելումն արդեն տեղում աշխատող յոթի։ Նրանք Ուկրաինայի Զինված ուժերին սովորեցնում են «առաջավոր բժշկական հմտություններ»։