Կիպրոսի խորհրդարանը հինգշաբթի օրենք է ընդունել այսպես կոչված կոնվերսիոն թերապիայի համար քրեական պատասխանատվության մասին, որն ուղղված է մարդու սեռական կողմնորոշման փոփոխությանը, դրա տակ կարող են հայտնվել նույնիսկ քահանաների հետ ավանդական արժեքների մասին խոսակցությունները, հաղորդում է «Ֆիլելեֆտերոս» թերթը:
Սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը փոխելու, ճնշելու կամ վերացնելու համար կոնվերսիոն թերապիայի քրեականացումը ակտիվորեն հետապնդվել է ԼԳԲՏ համայնքի կողմից։
Այժմ կոնվերսիոն թերապիա կիրառելու կամ գովազդելու համար նախատեսվում է պատիժ՝ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկման եւ/կամ տուգանքի տեսքով՝ մինչեւ հինգ հազար եվրոյի չափով:
Անչափահասի կամ օրինական խնամակալության տակ գտնվող անձի նկատմամբ կոնվերսիոն թերապիա կիրառելու համար սահմանվում է մինչեւ երեք տարի ազատազրկում եւ/կամ մինչեւ տասը հազար եվրոյի չափով տուգանք:
Օրենքն ընդունվել է 36 կողմ ձայներով, դեմ է քվեարկել 6 պատգամավոր, մեկը՝ ձեռնպահ:
Օրինագիծը խորհրդարան է մտցվել Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության պատգամավոր Յորղոս Կուկումասի կողմից մեկուկես տարի առաջ եւ երկար ժամանակ քննարկվել է իրավական հարցերով խորհրդարանական կոմիտեում: Պատգամավորներին համոզում էին, որ կոնվերսիոն թերապիան հոգեբանական վնաս է հասցնում։
Օրինագծին դեմ է հանդես եկել Կիպրոսի ուղղափառ եկեղեցին։
Օրինագծի հեղինակն ասել է, որ նրանք, ովքեր ընդունում են, որ ԼԳԲՏ համայնքի մարդիկ հիվանդ չեն, պետք է աջակցեն առաջարկին, եւ շատ երկրներ շարժվում են դեպի «այս խոշտանգումը» քրեականացնելու ուղղությամբ: Կուկումասը վտանգավոր է անվանել հոգեթերապիայի օրինականացումը եւ հավելել, որ բոլորը հասկանում են, որ քահանաները չպետք է ազատվեն պատասխանատվությունից։ Նա նաեւ ասել է, որ Սուրբ Սինոդի դիրքորոշումը «խնդրահարույց է եւ ոչ գիտական»։
Բնապահպանների շարժման պատգամավոր Ալեքսանդրա Աթալիդուն քննարկման ժամանակ հայտարարել է, որ կոնվերսիոն թերապիան ցանկացած հորդոր, հարկադրանք կամ ճնշում է սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը փոխելու համար այն անհատների կողմից, ովքեր կարող են լինել կամ բժշկական մասնագետներ, կամ հոգեւոր կամ կրոնական անձինք, ինպիսիք են քահանաները, իմամները, շամանները կամ այլընտրանքային բուժողները: Նրա խոսքով՝ ցավալի է, որ եկեղեցին «որպես այլասերում է ընկալում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը, որը տարիներ շարունակ հետապնդումների է ենթարկվել»: Նա հավելել է, որ Քրիստոսը խոսում է բոլոր մարդկանց հանդեպ սիրո մասին եւ կոչ է արել եկեղեցուն պաշտպանել բոլոր բնակիչներին եւ քայլել գիտությանը համընթաց, գրում է թերթը:
Այժմ ԼԳԲՏ ներկայացուցիչները ձգտում են հասնել իշխանությունների կողմից քաղաքացիական ամուսնությունների եւ երեխաների որդեգրման իրենց իրավունքների պաշտոնական ճանաչմանը:





























