Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը երեկ` սեպտեմբերի 30-ի երեկոյան, այցելել են Ազատության հրապարակ, որտեղ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները շուրջօրյա հանրահավաք են անցկացնում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ահարոնյանը, սակայն, որեւէ մանրամասն չհաղորդեց, թե պաշտոնյաներն ի՞նչ են խոսել հանրահավաքի մասնակիցների հետ, եւ որն է եղել այցելության նպատակը:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: Հոկտեմբերի 1-ին, ժամը 15-ին մեկնարկելու է հերթական հանրահավաքը: