Բլոգոսֆերան ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի արտաքինը, գրում է The Washington Post-ը:
Ռուսաստանցի բլոգերները քննարկում են այն լուրերը, թե Պուտինը բոտեքսի ներարկումներ է անում: Համացանցի ակտիվ օգտվողների կարծիքով, վարչապետը, ում 59-ամյակը կլրանա մեկ շաբաթ անց, իր տարիքին համապատասխան չի երեւում:
Վարչապետի արտաքինի վերաբերյալ քննարկումներն ակտիվացան մեկ շաբաթ առաջ, երբ նախագահ Մեդվեդեւը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում կառաջադրվի ոչ թե ինքը, այլ` Պուտինը:
«Հնարավոր չէ նայել Պուտինին»,-նշել է գրող Տատյանա Նաբոտնիկովան` նրան համեմատելով Մայքլ Ջեքսոնի հետ:
Հայտնի ընդդիմադիր բլոգեր Իլյա Յաշինը կատակներ է արել Պուտինի կարիերայի վերաբերյալ` այն պայմանականորեն բաժանելով երեք փուլի` «2000–2008թթ` նախագահ, 2008–2012թթ` էքս նախագահ, 2012թ.` բոտեքս նախագահ», գրում է «Գազետա.ռու»-ն:
Այն, որ Պուտինը դիմում է բոտեքսի ներարկումների օգնությանը, լրատվամիջոցներն ու բլոգերներն սկսել էին ակտիվ քննարկել դեռ մեկ տարի առաջ` վարչապետի Ուկրաինա կատարած այցի ժամանակ: Ուկրաինական հեռուստաընկերությունների տարածած կադրերում տեսանելի էին Պուտինի ձախ աչքի շուրջ կապտուկն ու այտուցը, որն անգամ գրիմը չէր թաքցրել:




























