ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր` հոկտեմբերի 3-ին, նշում է ծննդյան տարեդարձը:
Ջիգարխանյանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դեր կինո եւ հեռուստաֆիլմերում): Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականին, Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո` 1953 թվին, նա տեղափոխվել է Մոսկվա` «ԳԻՏԻՍ» ընդունվելու համար, որը նրան չի հաջողվել: Այնուհետեւ Ջիգարխանյանը վերադարձել է Երեւան, որտեղ մեկ տարի աշխատել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում` միաժամանակ պատրաստվելով Երեւանի թատերական-գեղարվեստական ինստիտուտի ընդունելության քննությանը, որը հաջողությամբ հանձնել է 1954 թվին:
Հանրահայտ դերասանը այսօր հայտնի է ավելի քան 200 դերերով («Թեհրան-43», «Անձնագիր», «Հին պատեր», «Ճայ», «Երբ գալիս է սեպտեմբերը» եւ այլն):
Մոսկվայի քաղաքապետը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստին ծննդյան օրվա առթիվ: «Համաժողովրդական սիրված դերասան, Դուք բազում էջեր եք գծել հայրենական կինոարվեստի պատմության մեջ: Երկար տարիների ընթացքում Ձեր աշխատանքները ուրախացնում են հեռուստադիտողին, բարձր արվեստի օրինակ են հանդիսանում: Ձեր տաղանդի համակիրները յուրաքանչյուր թատերական սեզոնին Ձեր թատրոնի բեմում վկա են դառնում հիասքանչ պրեմիերաների եւ հայտնությունների»,-ասված է շնորհավորական ուղերձում:




























