Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին, հոկտեմբերի 2-ի երեկոյան` ժամը 19.00-ի սահմաններում, տեղի ունեցած սողանքի պատճառները ուսումնասիրվում են (Ֆոտոռեպորտաժ, վիդեո): Սողանքների պատճառները հիմնականում լինում են խոնավությունը, գետի ջրերը, առատ անձրեւները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ  վարչության պետ Պետրոս Դեմիրճյանը` հավելելով, որ  Ճանապարհը վերանորոգվել է 1996-97թթ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

«Սողանքները հիմնականում լինում են գարնանը` առատ անձրեւների, խոնավության հետեւանքով: Տեղանքը սողանքային է: Դժվար է  կանխատեսել, թե որ հատվածում պետք է փլուզում լինի: Խնդիրը ճանապարհը չէ, այլ փլուզումներն են, որոնք լցվում են ճանապարհի վրա եւ խցանումներ առաջացնում: Բոլոր խնդիրները առաջանում են կողքի ճանապարհների փլուզումներից»,- նշեց Պետրոս Դեմիրճյանը: 

Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի աշխատակից Գոհար Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ ամբողջ հողազանգվածը փլվել է: Այժմ տարածքում աշխատում է 77 փրկարարներ,  աշխատանքներ են տարվում` տուժածներին գտնելու ուղղությամբ: Բեռնատարների մեծ մասը, նրա խոսքով, ծածկված է հողազանգվածով կամ վնասված է Առայժմ հնարավոր չէ նշել ողանքի նախնական պատճառը: Գոհար Բաղդասարյանի խոսքով` Տավուշի մարզում սոողանքային գոտիները շատ են, նախկինում այդ հատվածում սողանք եղել է, իսկ նախորդ տարի Հաղարծինի մոտ է սողանք եղել: 

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ, օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությունը:

Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց: Նոյեմբերյանի «Ճանշինի» աշխատակիցների ուժերով ճանապարհը մաքրվել է, սակայն առկա է սողանքային երևույթների հետագա ակտիվացման վտանգ:

Սողանք հետեանքով տուժել է 7 մարդ, ովքեր ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս են գրվել հիվանդանոցից: ԱԻՆ-ը հայտնել է նաեւ սողանքի հետեւանքով անհայտ կորած 7 անձանց մասին: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան: