Վրաստանի վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 29-ին կայացած նիստում անփոփոխ է թողել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով վերջին դատավճիռը:

«Երկիր» միությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում Վերաքննիչ դատարանը լսել է Չախալյանների փաստաբաններ՝ Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ (15-20 րոպե) անցկացնելուց հետո հրապարակել իր որոշումը՝ անփոփոխ թողնել Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատավճիռը:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, նրա հայրը՝ Ռուբեն Չախալյանը 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքի՝ իրենց քաղաքական հայացքների համար: Ազատազրկելուց հետո էլ վրացական իշխանությունները շարունակում են բանտում հալածել հայազգի քաղաքական գործչին:

Պաշտպանական կողմը մտադիր է վճիռը բողոքարկել Վրաստանի Գերագույն դատարանում: