Կոսովոյի ալբանական իշխանությունները Պրիշտինայում ցանկանում են Հյուսիսային Կոսովոյում սերբերին թողնել առանց սննդի և դեղորայքի՝ արգելելով կենտրոնական Սերբիայից ապրանքների և սննդի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, չորեքշաբթի օրը Կենտրոնական Սերբիայի տարածքում ձերբակալվել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի երեք զինծառայողի։ Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոհիայի գրասենյակի տնօրեն Պետար Պետկովիչը դրանից հետո ասել է, որ Սերբիայի իշխանությունները պատրաստ են կալանավորման հանգամանքների միջազգային հետաքննությանը։ Կոսովոյի ալբանական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, չորեքշաբթի հայտնել են, որ ինքնահռչակ հանրապետության կառավարությունն արգելել է կենտրոնական Սերբիայից նահանգ ապրանքների մատակարարումը։

 Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ նման սահմանափակող միջոցները հակասում են միջազգային իրավունքին և նախկինում ստորագրված բոլոր համաձայնագրերին։

«Ալբին Կուրտին (Կոսովոյի վարչապետ - խմբ.) ցանկանում է ամեն գնով զինված հակամարտություն հրահրել»,- ընդգծել է Սերբիայի ղեկավարը։