Մայր աթոռ սուրբ Էջմիծնում, հոկտեմբերի 3-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթթալային եւ նրա հետ քննարկել Հայաստան-Լիբանան հարաբերությունները:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին` պատմության ընթացքում եւ այսօր էլ հայերի հանդեպ ցուցաբերած բարյացակամ եւ մարդասեր վերաբերմունքի համար:
Իր հերթին, Լիբանանի ժամանակավոր հավատարմատարը, ուրախություն հայտնելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու համար, հավաստիացրել է, որ ամեն ջանք գործադրելու է երկու երկրների հարաբերությունների առավել սերտացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Խոսելով Լիբանանի կառուցման գործում լիբանանահայերի մեծ վաստակի մասին` Աթթալան հատկապես կարեւորել է հայության գործուն մասնակցությունը Լիբանանի տնտեսական կյանքում:




























