Հայաստանն ու Բելառուսը պայմանավորվել են մի քանի անգամ մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, որն այսօր կազմում է շուրջ 30 մլն. դոլար։ Ինչպես հոկտեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը, ներկա ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանի ու Բելառուսի ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, այն դեպքում, երբ այլ երկրների հետ Մինսկի առեւտրի ծավալները կրճատվում են։

«Դա վկայում է այն մասին, որ առկա է համագործակցության տնտեսական կայուն շահագրգռվածություն»,- նշել է Մարտինովը՝ ընդգծելով համագործակցության որոշակի՝ մեքենաշինության, հումանիտար եւ գիտական ոլորտները։ Մշակվում են բավական լուրջ թվով բելառուսական բեռնատար ավտոմեքենաներ ու միկրոավտոբուսներ Հայաստան արտահանելու շուրջ նախագծեր։ Բացի այդ, Բելառուսը շահագրգռված է Երեւանի վերելակային տնտեսության արդիականացմամբ։

Մարտինովը օրինակ է բերել իրենց հարեւան Լիտվային, որի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 1,5 մլրդ. դոլար։ Բելառուսի նախարարը նաեւ իր երկրի շուկաներում ավելի շատ հայկական ապրանքներ տեսնելու ցանկություն է հայտնել։ «Մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է գնենք էկվադորյան, այլ ոչ թե հայկական խաղող»,- հայտարարել է նա։