Պաշտոնական բուխարեստը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանում բարեփոխումների իրականացման, ազգային օրենսդրությունը եվրոպականի հետ ներդաշնակեցնելու քայլերին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, ասուլիսում հայտարարել է Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:
Նրա խոսքով, այդ իմաստով, Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը եւ մայիսին հայտարարված համաներումը կարելի է համարել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության խորացման սկիզբ:
Բացի այդ, դեսպանը արձանագրել է հասարակական կազմակերպությունների գործունեության ակտիվացումը: Այդ համատեքստում, նա նշել է, որ հասարակական կազմակերպությունների ֆորումի ստեղծման օրից, հայկական ՀԿ-ները ակտիվորեն աշխատում են նրա աշխատանքներում:
Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության առաջնահերթ ուղղություններին անդրադառնալով, դիվանագետը նշել է, որ իրենց երկիրը շահագրգռված է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի` իր արեւելյան գործընկերների հետ հարաբերությունների զարգացմամբ: Նրա խոսքով, էներգետիկ հարցերը շատ կարեւոր են Ռումինիայի անվտանգության համար եւ Հարավային Կովկասն ու Միջին Ասիան դիտարկվում են հենց այդ համատեքստում:




























