Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2011 թ. հունվար-օգոստոսին կազմել են 552.1 մլրդ դրամ (մոտ 1.5 մլրդ դոլար), իսկ ծախսերը` 566.9 մլրդ դրամ (1.53 մլրդ դոլար): Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` 8 ամիսների համար կանխատեսված ցուցանիշները ամբողջությամբ կատարված են, իսկ պետական մարմիները հնարավորություն են ստացել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.7%-ով, իսկ ծախսերը` 7 տոկոսով:

Պետական բյուջեի եկամուտների 92.7%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 2.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի եւ մաքսատուրքի աճով:

2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 14.8 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72.1 մլրդ դրամի ընդամենը 20.5%-ը: Նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն հունվար-օգոստոս ժամանակահատվածում օգտագործվել է 12.2 մլրդ դրամ: