Հոկտեմբերի 30-ին Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել 2010 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը։ Փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացնելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբում ներկայացրել է կառավարության ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունը։
«Ինչպես դուք գիտեք, կառավարության 2009 թվականի գործունեության ռազմավարության հիմքում ընկած էին հակաճգնաժամային միջոցառումները։ Մեր հիմնական խնդիրը ֆինանսական ու մակրոտնտեսական կայունության պահպանումն էր»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ ճգնաժամի հաղթահարման հիմնական միջոցառումներից մեկը ենթակառուցվածքներում արված ներդրումներն են։ Այդ կապակցությամբ կառավարության ամենախոշոր նախագիծը՝ միջուկային երրորդ էներգաբլոկի շինարարությունն է։ Կառավարությունն արդեն 400 հազար դոլար է տրամադրել նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման համար։ Մինչեւ 2009 թվականի վերջը Հայաստանում շահագործման կհանձնվեն 365 կմ ճանապարհներ՝ 2008 թվականի 163 կմ-ի փոխարեն։ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներով կիրականացվեն 5,3 մլրդ. դրամ գումարի շինաշխատանքներ։ Ջրային տնտեսության ոլորտում ներդրվել է 14 մլրդ. դրամ (10,4 մլրդ. 2008 թվականին)։ Այդ միջոցներով վերանորոգվել են 50 պոմպակայաններ եւ 300 կմ խողովակներ։ Աղետի գոտու վերականգնմանն ուղղվել է 25 մլրդ. դրամ, այդ միջոցներով կկառուցվի 1760 բնակարան եւ 118 000 քառ. մետր բնակտարածք։ Այն դեպքում, երբ 2008 թվականին երկրաշարժի գոտում ընդհանրապես չեն իրականացվել շինաշխատանքներ։ Արդեն սկսվել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծային աշխատանքները։ Այդ աշխատանքների համար Ասիական բանկը կհատկացնի 500 մլն. դոլար, այդ միջոցներից 60 մլն.-ն արդեն հատկացվել է։ Կոնկրետ քայլեր են կատարվում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության ուղղությամբ։ Հիմնվել է Համահայկական բանկը, որն իր գործունեությունը կսկսի արդեն 2010 թվականին",- ասել է վարչապետը։
Ըստ նրա, հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունն արդեն աջակցություն է ցուցաբերել փոքր եւ միջին ձեռներեցությանը։
«Այսպես՝ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը 18,5 մլրդ. դրամ է հատկացրել Ռուսաստանի տրամադրած վարկային միջոցներից։ Բացի այդ, 17 մլրդ. դրամ է տրամադրվել գերմանական KFW բանկի կողմից։ Այդ շրջանակներում կառավարության աջակցությամբ հիմնվել է հայկական պանրի արտահանմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպություն։ Եվ այդ փորձը 2010 թվականին կկիրարկվի այլ ոլորտներում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով։ Դա կնպաստի միջազգային շուկայում հայկական ապրանքների արտահանմանն ու իրացմանը, քանի որ փոքր ձեռնարկությունները չեն կարողանում գլուխ հանել այդ խնդրից առանց պետության օգնության։ Իջեցվել է նաեւ փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը։ Արդյունքում 32 հազար ձեռներեցների մոտ ձեւավորվել է 16,6 մլրդ. դրամի հարկային խնայողություն։ Իսկ դա նշանակում է, որ հարկային բեռի թեթեւացման արդյունքում բյուջեն չի հավաքագրել այդ գումարի չափով հարկեր։ 2009 թվականին հարկային հավելավճարները 2008 թվականի համեմատ կրճատվել են 20 մլրդ. դրամով։ Ընդհանրապես հարկերից ազատվել է գորգագործության ոլորտը։ Ստեղծվել է Ֆրեդի վենչուրային հիմնադրամը, որը զբաղվելու է գյուղատնտեսական ոլորտի վարկավորմամբ։ Խոշոր ձեռնարկատերերի թափանցիկ գործունեության ապահովման համար ստեղծվել է իմպերատիվ աուդիտի ինստիտուտը։ Բացի այդ պարզեցվել է վարչարարությունը արտահանողների ու մաքսավորների միջեւ։ Կրճատվել է այն ապրանքների ցուցակը, որոնք պարտադիր հավաստագրման են ենթակա արտահանման դեպքում (65 անունից հասել է 16-ի)։ Պարզեցվել է նաեւ որոշ տեսակի ապրանքների արտահանման համակարգը, մասնավորապես, դեղորայքի, գյուղմթերքի։ Նվազեցվել են նաեւ մաքսային ծախսերը։
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել նաեւ պետգնումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը թույլ կտա խնայել լուրջ միջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
Բոլոր այս միջոցառումները, ըստ վարչապետի, արդեն տվել են իրենց արդյունքները։
«Համաշխարհային բանկի չափանիշներով Հայաստանը էապես բարձրացրել է իր վարկանիշը՝ 50-րդ տեղից հասնելով 43-րդ հորիզոնական։ Եվ դա չնայած ճգնաժամին»,- նշել է նա։ Կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ համակարգաստեղծ ձեռնարկություններին՝ սուբսիդավորելով դրանց։ Մասնավորապես, ինչպես նշել է վարչապետը, օպերատիվ շտաբը հավանություն է տվել 14 մլրդ. դրամ գումարի 44 նախագծերի։ «79 մլն. դոլարի չափով վարկային միջոցներ են տրամադրվել լեռնահանքային արդյունաբերությանն ու „Հայռուսգազարդ“-ին։ 2099 թվականին էներգետիկայի ոլորտում արված ներդրումները կկազմեն 29 մլրդ. դրամ, 2008 թվականի 19 մլրդ.-ի փոխարեն։ Ռուսաստանյան վարկից լրացուցիչ 30 մլրդ. դրամ է ուղղվել տնտեսության վերականգնմանն ու դիվերսիֆիկացմանը։ Եւս 12 մլրդ. դրամ ուղղվել է Հիպոթեկային ազգային հիմնադրամ։ Չնայած տնտեսական ճգնաժամին, 2009 թվականի համար նախատեսված սոցիալական ոլորտի 14%-ի աճը լիովին կատարվել է։ Կրթության ոլորտի ընթացիկ տարվա ծախսերը կկազմեն 108 մլրդ. դրամ, 2008 թվականի 104 մլրդ.-ի փոխարեն։ Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 56,5 մլրդ. դրամ, 2008-ի 49 մլրդ.-ի փոխարեն։ Արդյունքում բյուջետային ծախսերը 2009 թվականին կկազմեն 880 մլրդ. դրամ, անցած տարվա 810 մլրդ.-ի փոխարեն։ Դեֆիցիտի ցուցանիշը կաճի՝ հասնելով 7-7,5%-ի։ Արժեզրկման մակարդակը չի գերազանցի նախատեսված ցուցանիշը՝ 4%+1,5%։ Այս բոլոր միջոցառումների արդյունքում կառավարությունը կարողացել է խուսափել բյուջեի սեկվեստրից։ Ընթացիկ տարում մանրածախ առեւտրի ծավալը 2008 թվականի համեմատ աճել է 0,4%-ով»,- տեղեկացրել է Հայաստանի վարչապետը։
Տիգրան Սարգսյանի պնդմամբ, կառավարության նման քաղաքականությունը միջազգային փորձագետների կողմից գնահատվել է բավականին բարձր։ Ըստ նրա, վարկային միջոցները, այդ թվում եւ ռուսական վարկի մի մասը, կուղղվեն կայունացնող հիմնադրամի ստեղծմանը։




























