Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում մրցակցային դաշտը և հենց հանձնաժողովը բարեփոխումների կարիք ունեն եւ նկատել է, որ այդ գործում անցնելու երկար ճանապարհ կա։ Նրա խոսքով, Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կօգնի «ուժեղացնել հանձնաժողովի իրավասությունները, հստակեցնել դրանք կիրառելու մեխանիզմները եւ դատարաններում մրցակցության հարցերի քննման գործընթացները»:

Արիստոմենե Վարուդակիսն իր հերթին հույս է հայտնել, որ երկու կողմերի միջեւ համգործակցությունը լավ կստացվի։ Նրա խոսքով, Հայաստանի հետ աշխատանքներ իրականացնելու ծրագրում ՀԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնելու մրցակցային դաշտի բարելավմանը, ներդրումային նոր ծրագրերի խթանմանը, ինչը շատ կարեւոր է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման դեպքում։