Մայքլ Ջեքսոնի ոչ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող սրտաբան Կոնրադ Մյուրեյի դեմ շարունակում են ցուցմունքներ տալ վկաները:
Սրտաբանի 29-ամյա ընկերուհի Նիկոլ Ալվարեսը հաղորդել է, որ 2009 թվականի ապրիլ-հունիսին Սանտա Մոնիկայի իրենց տուն փոստով հասել են տուփեր, որոնց պարունակության մասին ինքը ոչինչ չի իմացել: Քննությունը պարզել է, որ այդ տուփերում եղել է պրոպոֆոլ: Լաս Վեգասի դեղավաճառներից Թիմ Լոպեսը հայտնել է, որ չորս ամիսների ընթացքում սրտաբանին առաքել է ուժեղ քնաբեր պրոպոֆոլի 255 սրվակ: Դեղագործը չի իմացել, որ դեղամիջոցն ուղարկում է տան հասցեով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դատախազությունը համարում է, որ Ջեքսոնի մահվան ուղղակի պատճառը եղել է Մյուրեյի մասնագիտական անբարեխղճությունը: Մյուրեյը ուշ է շտապօգնություն կանչել, նաեւ թաքցրել է դեղամիջոցի պարբերական ներարկումների փաստը: Սրտաբանը խոստովանել է, որ 2009թ. հունիսի 25-ին Ջեքսոնին ներարկել է 25 միլիգրամ պրոպոֆոլ: Դրանից հետո Մյուրեյի բջջային հեռախոսը ավելի քան մեկ ժամ զբաղված է եղել: Դատախազությունը կարծում է, որ բժիշկը դուրս է եկել Ջեքսոնի սենյակից եւ բաց է թողել այն պահը, երբ կանգնել է հիվանդի սիրտը: Սրտաբանը չի ընդունում մեղքը: Նրան սպառնում է չորս տարվա ազատազրկում: Բժշկի պաշտպանը պնդում է, որ Ջեքսոնն ինքն է ներարկում կատարել, երբ Մյուրեյը եղել է մյուս սենյակում:
Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ. հունիսի 25-ին 51 տարեկանում:



























