Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի օրն ուժի մեջ է թողել Wall Street Journal մոսկովյան բյուրոյի թղթակից Եվան Գերշկովիչի կալանքը երկարաձգելու որոշումը, ով մեղադրվում է լրտեսության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի որոշումը թողնել անփոփոխ, բողոքը՝ առանց բավարարման»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Դատավարությունն անցել է դռնփակ՝ գործի նյութերի գաղտնիության պատճառով։ Վերջնական որոշմանը ունկնդիրներն ու լրագրողները ծանոթացել են հեռարձակման սենյակում, հանրությանը թույլ չեն տվել մտնել նիստերի սենյակ։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացել է դատարան՝ դիվանագիտական առաքելության մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ։
Մայիսի վերջին Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Գերշկովիչի կալանքը երկարաձգել էր մինչև օգոստոսի 30-ը։
Մարտի 30-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում՝ ԱՄՆ կառավարության օգտին լրտեսելու կասկածանքով։ Ռուսական հետախուզության տվյալներով՝ ամերիկացին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է հավաքել «ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ»։
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը մարտի վերջին երկու ամսով կալանավորել էր լրագրողին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Գերշկովիչի գործունեությունը Եկատերինբուրգում «ոչ մի կապ չունի լրագրության հետ»։




























