Համաշխարհայի տնտեսական ճգնաժամը ինչ-որ տեղ դրական դեր խաղաց հայկական տնտեսության խոցելի կողմերը երեւան բերելու առումով,- հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2010 բյուջեի նախագիծը։

«Առաջին հերթին, ճգնաժամը ի հայտ բերեց հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, երկարաժամկետ միջոցների դեֆիցիտը եւ համապատասխան ինստիտուտները։ Երկրորդ՝ հայկական տնտեսությունում եղած օլիգարխիկ դաշտի առկայություն եւ մրցակցության ցածր մակարդակ, ինչն իջեցնում է գների ճկունության մակարդակը։ Երրորդ՝ կրթության եւ առողջապահության ոլորտներում առկա հիմնախնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։ Կառավարության ռազմավարությունը 2010-ին ուղղված է լինելու այս խնդիրները լուծելուն»,- հայտարարեց վարչապետը։

Ներկայացնելով 2010թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցիչները, Տ. Սարգսյանը փորձեց պատասխանել շատերին հուզող այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությանը չի հաջողվում իրական տնտեսական կանխատեսումներ անել 2009-2010թթ համար։ «Այդ հարցի պատասխանը շատ պարզ է՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը խախտում է բոլոր օրինաչափությունները՝ թույլ չտալով ճիշտ կանխատեսումներ անել»,- նշեց նա։ Նա նաեւ հայտնեց, որ 2010թ. Հայաստանը միջոցներ կստանա «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից, ինչը թույլ կտա պահպանել բյուջետային ծախսերի ծավալը 2009թ. մակարդակի վրա։ Նրա խոսքով, տնտեսական աճը 2010թ.-ին կկազմի 1.2 տոկոս։ «Մենք մտադիր ենք նաեւ 2009թ. մակարդակի վրա պահպանել սոցիալական ոլորտի ֆինանսավորումների ծավալները, եւ ես համոզված եմ, որ դա մեզ կհաջողվի»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ 2009թ. հետ համեմատած՝ աննշան կերպով կարող է իջնել ՀՆԱ-ի ցուցանիշը։

Վարչապետը անդրադարձավ նաեւ հանրությանը հուզող այն հարցին, թե վարկերի ստացման արդյունքում չի՞ մեծանա արդյոք Հայաստանի պարտքի բեռը, եւ կարո՞ղ է պետությունը դիմանալ այդ բեռին։ «Ուզում եմ նշել, որ Հայաստանի բյուջետային դեֆիցիտը ֆինանսավորվում է մեծամասամբ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, ինչը թույլ է տալիս խուսափել շուկայական ռիսկերից։ Այս առումով Հայաստանը առանձնապես մեծ ռիսկի չի դիմում։ Եթե համաշխարհային տնտեսության աճը հետաձգվի, ապա Հայաստանը եւս կհետաձգի իր պարտքերի վճարումը»։

2010թ. բյուջեի նախագծով կանխատեսված 500 մլրդ դրամի փոխարեն 533 մլրդ դրամի ծախսեր են նախատեսվում։ Եթե տնտեսական իրավիճակը բարեհաջող լինի, ապա ցուցիչները կավելացվեն, եթե ոչ՝ ծախսերը կիրականացվեն պահուստային ֆոնդի հաշվին։ 2010թ. տեղական ինքնակառավաման ոլորտի ֆինանսավորումը 17 տոկոսով կգերազանցի 2009թ. ցուցանիշը՝ կազմելով 32.5 մլրդ դրամ։ Առանձին մաս է նախատեսված նաեւ Լեռնային Ղարաբաղի համար՝ 31 մլրդ դրամ։ Վարչապետի խոսքով, դա թույլ կտա ապահովել ԼՂ ազգաբնակչության անվտանգությունը։ Նա նաեւ նշեց, որ 2010թ. կառավարությունը կշարունակի աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը։ Պայմաններ կստեղծվեն նաեւ հայրենական արտադրանքի արտահանման համար, կշարունակվեն հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումները։

«Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտներին»,- նշեց վարչապետը։ Նրա խոսքով, փոփոխություններ են նախատեսվում նաեւ պետական կառավարման ոլորտում։ Թվով 9 միջոցառումներ կանցկացվեն առողջապահության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։ Բարեփոխումները կշարունակվեն նաեւ սոցիալական եւ կրթական ոլորտներում։