Մի քանի օրից կսկսվեն Հայաստանում դեկտեմբերի 2-3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերի վաճառքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Թե ինչքան են լինելու գները, Գոհար Գասպարյանը չնշել` հավելելով, որ դրանք շատ տարբեր են լինելու, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել: Ընդ որում, նրա խոսքով` ամսի 3-ի տոմսերի գները ավելի մատչելի կլինեն:
Երբ մենք ամեն կերպ պնդում էինք, որպեսզի տոմսերի միջին գները գոնե մոտավոր ասի, Գոհար Գասպարյանն արձագանքեց. «Չեմ ուզում պատասխանել, պարզ չի, հիմա ես օֆիցիալ պատասխան չունեմ, ի՞նչ ասեմ»: Նա չնշեց նաեւ Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի տուրփաթեթի գինը` ասելով, որ «նման բան չկա»: Ի դեպ, ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե որքան է լինելու Բաքվում 2012թ մայիսին կայանալիք «Եվրատեսիլի» տուրփաթեթի գինը:
Գոհար Գասպարյանը նշեց, որ հոկտեմբերի 10 եւ 11-ին Հայաստան կժամանեն «Մանկական եվրատեսիլ 2011-ի» մասնակից երկրների պատվիրակության ղեկավարները: Մրցույթի 13 պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին առնչվող բոլոր հարցերը, իսկ հոկտեմբերի 11-ին պատվիրակությունների ղեկավարների միջեւ կանցկացվի մրցույթի մասնակից երկրների ելույթների հերթականության վիճակահանությունը: Այժմ, նրա խոսքով, Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Դալիթան, մյուս մասնակիցների հետ միասին նկարահանվում են մեկ ընդհանուր տեսահոլովակում, որը պետք է լինի այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» հիմնը:
Նա նշեց, որ շարունակվում են «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի նախապատրաստական աշխատանքները եւ դրանք կավարտվեն նոյեմբերի կեսին, այժմ բեմը կառուցման փուլում է: Իսկ թե ովքեր են վարելու «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, Գոհար Գասպարյանը ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ հիմա զբաղված է պատվիրակությունների հարցերով: Ըստ շրջանառվող լուրերի` հավանական է, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը վարեն Գոհար Գասպարյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի դեկտեմբերի 3-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում: Հայաստանը կներկայացնի փոքրիկ Դալիթան` իր Welcome to Armenia երգով: Նա սեպտեմբերի 17-ին հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակիցների ընտրական փուլում:




























