Հարավային Մարսել նավահանգստային քաղաքը երեկ ուշ երեկոյան դարձել է բախումների և կողոպուտների թատերաբեմ, տեղեկացնում է   France 24-ը։

Իշխանությունների կարգադրությամբ 18։00-ից կանգնեցվել է քաղաքային ողջ տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։

Քաղաք է ուղարկվել ոստիկանական աջակցություն, ներառյալ՝ զրահատեխնիկա և երկու ուղղաթիռ։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մարսելում բախումները տեղի են ունեցել ոստիկանների և անկարգությունների մասնակիցների միջև։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել։ Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, բախումները մեկ ժամից ավելի են տևել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծնողներին կոչ է արել ստանձնել անկարգությունների անչափահաս մասնակիցների պատասխանատվությունը։

Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին շաբաթ հայտարարել էր, որ ձերբակալվածների 30 տոկոսն անչափահասներ են եղել։

Կիրակի 1։30-ի դրությամբ ամբողջ Ֆրանսիայիում անկարգությունների առիթով 322 մարդ է ձերբակալվել, տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը։

Նախնական հաշվարկներով, 126 մարդ ձերբակալվել է Փարիզի շրջանում, 56-ը՝ Մարսելում, 21-ը՝ Լիոնում։