Արձակուրդից հետո դեպրեսիան կարող է ուղեկցվել տագնապով, մեղքի զգացողությամբ եւ աշխատանքից ազատվելու ցանկությամբ։ Սովորաբար այդ ախտանշաններն անցնում են երկու շաբաթում, հակառակ դեպքում պետք է դիմել բժշկի։ Այս մասին «Газете.Ru»-ին ասել է «ՍբերԶդորովիե» բժշկական օնլայն-սերվիսի հոգեբան Դարյա Յաուշեւան։
«Արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալն այնքան էլ հեշտ չէ։ Ինչպես ծով ուղեւորվելիս, այնպես էլ տանը հանգստից հետո տրամադրությունը կարող է փչանալ առաջին աշխատանքային օրվանից առաջ։ Դեպրեսիայի ախտանշաններն են հուզական անհարմարավետությունը, ճնշվածությունը, թախիծը, հուսահատությունը, տագնապը, մեղքի զգացողությունը, կարող է կորել հետաքրքրությունը սովորական զբաղմունքների հանդեպ»,- պարզաբանել է Յաուշեւան։
Կարող են այնպիսի մտքեր առաջանալ, ինչպիսին են. «ես չեմ կարողանա կատարել աշխատանքս», «եթե չեմ ուզում վերադառնալ, ուրեմն դա իմը չէ եւ պետք է ազատվել աշխատանքից», ավելացրել է հոգեբանը։ Երբեմն վիճակն այնքան բարդ է լինում կամ դժվար տանելի, որ մարդուն կարող են այցելել ինքնասպանություն գործելու մտքեր։
«Դեպրեսիան հաճախ ուղեկցվում է փսիխոսոմատիկ ախտանշաններով՝ վիճակ, որը նման է մրսածությանը, սրտխառնոց, գլխապտույտ եւ այլն։ Հաճախ հանդիպում են նաեւ քնի, ախորժակի եւ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ։ Այս ամենը կարող է տեւել երկու շաբաթ։ Սա փոփոխված պայմաններին հարմարվելու ընթացքն է։ Եթե երկու շաբաթից հետո վիճակը չի բարելավվում, արժե դիմել մասնագետի»,- ասել է Յաուշեւան։



























