Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 6-ի ժամը 9.25-ի դրությամբ, աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռիի մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երեւանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաեւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քիչ առաջ Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել եւս 31 փրկարար:

Դեպքի վայրում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:

Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ համարանիշի բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:

Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM համարանիշի: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:

Այս պահին անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով: