Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի կողմից հայտարարում է, որ պետք է բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծվեն, մյուս կողմից ասում է, որ սխալ են բոլոր նրանք, ովքեր դեմ են խոսում օլիգարխների առկայությանը: NEWS.am-ի թղթակցի այս հարցին ի պատասխան Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը դրանով հստակ փորձում է տարբերակել օլիգարխիան մենաշնորհներից: Մենաշնորհներն իսկապես չպետք է լինեն, իսկ պարոն Ծառուկյանի ոչ մի բիզնես մենաշնորհային չէ, նա գործում է արդար մրցակցության դաշտում: Իսկ օլիգարխիայի համար տարբեր սահմանումներ գոյություն ունեն, որոնցից մեկը ենթադրում է գործարարի ներգրավվածություն քաղաքականության մեջ: Անվիճելի է, որ Գ. Ծառուկյանը գործարար աշխարհից տեղափոխվել է քաղաքականություն՝ այլ նպատակներով: Նախեւառաջ որպես հայրենասեր մարդ, որպես այս հայրենիքի կարեւոր հենասյուներից մեկը, ցանկություն է հայտնել կուսակցություն ստեղծելով, քաղաքականության մեջ ներգրավվելով՝ գործարար աշխարհում ունեցած իր համբավը նաեւ քաղաքականության մեջ ծառայեցնել»: Նրա խոսքով, հենց դա է պատճառը, որ Գ. Ծառուկյանը «ոչ մի պաշտոնի չի ձգտում, այլ իր շուրջն է համախմբում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այս երկիրը լավագույնս կառավարել»:

Այսպիսով, Խ. Գալստյանի ներկայացմամբ, նա հնարավորություն ու հարթակ է տալիս լավագույններին՝ ինքնադրսեւորվելու, եւ այս տեսանկյունից «ԲՀԿ-ն առանձնանում է մյուս ուժերից, քանի որ այստեղ տեղ ունեն միայն արժանավորները»:

Մեր դիտարկմանը, թե չէ՞ որ բիզնեսի շահերը հաճախ հակադրության մեջ են մտնում պետական շահերի հետ, Խ. Գալստյանն արձագանքեց. «Հարկային փաթեթի վերջին օրինագիծը նախատեսում էր խոշոր գործարարների մոտ հարկային տեսուչներ գործուղելու գործողություն, եւ եթե բիզնեսի շահի տեսանկյունից նայենք, ապա Գ. Ծառուկյանը, որպես խոշոր գործարար, պետք է դեմ արտահայտվեր դրան, բայց նա դա չարեց: Նրա համար սկզբունքային է փոքր ու միջին բիզնեսի պաշտպանությունը, որի մասին բազմիցս հայտարարել է»: