Չինացի գիտնականները մտադիր են Երկրի կեղեւի վրա 10 հազար մետր խորությամբ անցք փորել, գրել է «Սինհուան»։
Գործակալության տվյալներով՝ հետազոտողներն աշխատանք կիրականացնեն նավթով հարուստ Սինցզյան շրջանում։ Պաշտոնական վարկածի համաձայն, որը ներկայացվել է չինական մամուլում, գիտնականները հույս ունեն այնտեղ հայտնաբերել 145 միլիոն տարեկան հանքաքարեր։
Նախագծի պատասխանատու, տեխնիկական փորձագետ Վան Չունշենը նշել է, որ նման խորությամբ անցքի հորատումը համարձակ փորձ է՝ հետազոտելու Երկիր մոլորակի անհայտ տարածքը։
Այդ աշխատանքը, նրա խոսքով, կարող է օգնել պարզելու նաեւ էներգետիկ ռեսուրսները եւ գնահատելու բնապահպանական աղետի ռիսկերը, օրինակ՝ երկրաշարժերի եւ հրաբուխների ժայթքման։ Ենթադրվում է, որ հորատումը կտեւի 457 օր։



























