Հոկտեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2010թ. բյուջեի՝ պաշտպանության ոլորտի հատկացումները, որոնք շուրջ 19 մլրդ դրամով պակաս են նախորդ տարվա հատկացումներից:

Նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը պատասխանեց NEWS.am-ի հարցերին:

Պարոն նախարար, 2010թ. բյուջեի նախագծում կրճատվել են պաշտպանության ոլորտին տրամադրվող գումարները: Ինչի՞ հետ է կապված այդ սահմանափակումը:

Դա իհարկե կախված է պետության բյուջեից: Ընդունված է, ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության ծախսերի համար օգտագործել ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, բայց ասեմ, որ ընթացիկ ծախսերի մեջ փոփոխություններ չեն եղել: 2009թ. մակարդակը մենք կպահպանենք, միայն կապիտալ ներդրումների, հատկապես կապիտալ շինարարության ոլորտում է որոշակի փոփոխություններ եղել, բայց ես գտնում եմ, որ այս քննարկումները դեռւես ընթացքում են, եւ դեռ որոշումներ կընդունվեն, նաեւ որոշ չափով ավելացումներ կլիներ: Սակայն անգամ այս պարագայում մարտունակության վրա ազդող բացասական գործոններ չկան:

Այն, որ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները, տարբեր տրամաչափի պաշտոնյաները ռազմատենչ հայտարարություններ են անում ու ավելացնում իրենց ռազմական բյուջեն, Ձեզ մտավախության տեղիք չի տալի՞ս:

Մտավախությունը միշտ էլ կա, բայց ես ասեմ, որ մենք հակառակորդի քանակական առավելություններին միշտ դիմագրավել ենք մեր զինվորի ոգով եւ մեր պատրաստության աստիճանով: Իհարկե, լավ կլիներ, որ շատ լիներ:

Իսկ հնարավոր չէ՞ր, որ այլ ոլորտների հաշվին պաշտպանության ոլորտին ավելի մեծ չափով հատկացումներ արվեին:

Կարծում եմ՝ բոլոր ոլորտներն էլ մեր պետության մեջ պետք է զարգանան, բայց 2010թ. հատկացումները մեր մարտունակության վրա բացասական ազդեցություն ունենալ չեն կարող:

Գտնո՞ւմ եք, որ բյուջեն բավարար է մարտունակությունը պահպանելու համար:

Այո, բավարար է: