Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թայվան ամերիկյան զենքի մատակարարումները կղզին կարող են վերածել վառոդի տակառի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Չինաստանը, նշվել է փաստաթղթում, վճռական բողոք է հայտնում Վաշինգտոնի կողմից Թայվան սպառազինությունների մատակարարման առնչությամբ։ ԱՄՆ-ն չի արձագանքում Պեկինի անհանգստությանը եւ, փորձելով բարձրացնել լարվածության ասռիճանը Թայվանի նեղուցում, կոպտորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին։ ԱՄՆ գործողություններն արագացնում են Թայվանի նեղուցը վառոդի տակառի վերածելը եւ Թայվանի բնակիչներին մղում են դեպի աղետի անդունդը։

Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում տեղեկացվել է ամերիկյան կողմին Պեկինի հղած կոչի մասին՝ հետեւելու «մեկ Չինաստան» սկզբունքին, նշվել է, որ պետք է անհապաղ դադարեցվի սպառազինությունների վաճառքը Թայվանին։ Չինաստանը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել Թայվանի հետ ռազմական շփումների ցանկացած ձեւից։

Պեկինում նշել են, որ չինական բանակը միշտ բարձր մարտական պատրաստվածության վիճակում է, որպեսզի վճռականորեն պաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պահպանի խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։