Հայաստանում 2010 թ. առկա էր 4402 դատապարտյալ, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:  Վերջին 6 տարիների կտրվածքով սա դատապարտվածների ամենամեծ թիվն է: Այսպես` 2005 թ. Հայաստանում եղել է 3835 դատապարտված, 2007 թ.` 2909, 2009 թ.` 3580:

Դատապարտվածների մեջ ամենամեծ մասնաբաժին ունեն գույք հափշտակողները` 1438: մինչեւ 2008-ը գույքի հափշտակում հոդվածով դատապարտվածների թիվը նվազում էր եւ հասել էր 916-ի, սակայն այնուհետ անշեղորեն աճեց:

Հետաքրքիր է, որ «բանդիտիզմ» հոդվածով դատապարտվածների թիվը շատ չնչին է եղել` 2010-ին ընդամենը 2 մարդ, իսկ դրանից առաջ ընդհանրապես չեն եղել: Նշենք, որ Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերին իրականացված հայտնի գործողությունից հետո մեկ տասնյակից ավելի մարդկանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք բանդիտիզմով զբաղվելու մեջ:

Վերջին 6 տարվա կտրվածքով դատապարտվածների ամենամեծ աճ տեղի է ունեցել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մասով: Այսպես` եթե 2005 թ. ընդամենը 265 մարդ էր գտնվում կալանավայրում այդ հոդվածներով, ապա 2010 թ.` արդեն 626-ը: Աճը կազմում է 2.3 անգամ:

Անշեղորեն աճում են նաեւ մաքսանենգության կամ կեղծ փող (արժեթուղթ) իրացնելու համար դատապարտվածները: 2010 թ. բանտում էին գտնվում 58 մաքսանենգներ, այնինչ 2005 թ. նրանց թիվն ընդամենը 25-ն էր: Փող կեղծելու մեղադրանքով կալանավայրում է գտնվում 13 հոգի, այնինչ 2006 թ. այդպիսի միայն 1 մարդ կար: