Հոկտեմբերի 7-ին Ժպիտի համաշխարհային օրն է:

1963 թվականին Մասաչուսեթսից Հարվեյ Բոլլը ստեղծել է «Ժպտացող դեմք» պատկերը: Պատկերը շատ արագ լայն տարածում է գտել ամբողջ աշխարհով մեկ եւ  դարձել բարի կամքի եւ ուրախության ամենահայտնի խորհրդանիշը: Հեղինակը կարծում էր, որ գոնե տարվա մեջ մեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին եւ բարի գործերին: Եվ այդպիսով, ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը հռչակել է Համաշխարհային Ժպիտի Օր: Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 7-ին: Ինչպես ամեն տարի, օրվա խորհուրդն է «Արա՛ բարի գործ, ժպիտ պարգեւի՛ր մարդկանց»:

«Ակտիվ Երիտասարդ Քաղաքացիների Նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը  շնորհավորում է օրվա կապակցությամբ եւ միանալով օրվա խորհրդին` հոկտեմբերի 7-ին, 10:00-13:00-ին ժամանակահատվածում Երեւան քաղաքի բանուկ եւ երիտասարդաշատ վայրերում կբաժանի «Ժպտացող դեմք» պատկերով պիտակներ: Միջոցառման նպատակն է կոչ անել հասարակությանը ժպտալ կյանքին, իսկ բաժանված պիտակները կլինեն միշտ իրենց հետ եւ կհիշեցնեն, որ ժպտան: