Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի մայրաքաղաքում բազմաբնակարանային շենքերի 1 քմ բնակտարածքի միջին գինը նվազել է  17,66 հազար դրամ, կամ 4%:

Էժանացումը չի կարելի է համարել իրավիճակային երեւույթ: Այն վերջին տարիների միտումների շարունակությունն է: Հիշեցնենք, որ դեռեւս 90-ականներից անշարժ գույքի շուկայում նկատվում էր բում, որը խրախուսում էին բրոքերներն ու միջնորդական գրասենյակները: Դրա տրամաբանական արդյունքը եղավ լայնածավալ բնակարանային շինարարությունը: Քաղաքացիները ցանկանում էին շահութաբեր ներդրումներ կատարել անընդհատ թանկացող անշարժ գույքի մեջ, իսկ կազմակերպությունները, կառուցելով էլիտար բարձրահարկ շենքեր, փորձում էին առավելագույն շահույթ քաղել: Սակայն այդ հույսերը չարդարացան:

Հայաստանի անշարժ գույքի շուկայի «ոսկե դարն» ավարտվեց, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան: Անշարժ գույքի գները սկսեցին նվազել, նորակառույց բազմաթիվ բնակարաններ մնացին դատարկ, իսկ բնակարանային շինարարությունը զգալիորեն կրճատվեց:

Երեւանում ընդունված պրակտիկա է կենտրոնից ծայրամաս տեղափոխվելը` վաճառքից տարբերություն ստանալու նպատակով: Կենտրոնում 1 քմ-ի միջին գինը 438,2 հազար դրամ է, իսկ Աջափնյակում` 221,2 հազար դրամ: 64,4 քմ միջին չափի բնակարանը կենտրոնում վաճառելու եւ Աջափնյակ տեղափոխվելու դեպքում տարբերությունը կկազմի 14 միլիոն դորամ, ինչը աշխատավարձով ապրող ընտանիքի համար զգալի գումար է:

Սակայն բնակարան վաճառողների գործերը վերջին տարիներին վատացել են: 2008թ. օգոստոսից մինչեւ 2011թ. օգոստոս Երեւանում 1 քմ բնակտարածքի միջին գինը նվազել է 44,2 հազար դրամ, կամ 14,7%:

Որոշ անկախ փորձագետներ անշարժ գույքի գների նվազումը պայմանավորում են նաեւ արտագաղթի նոր ալիքի հետ: