Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երկաթուղայինի 7-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Եվ նշված տանը, պահարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 46-ամյա Վահան Ե․-ի դին։

Թե՛ տան ներսում, թե՛ դրսում անտանելի հոտ էր գալիս, քանի որ պարզվել է, որ Վահան Ե․-ն սպանվել է 2 օր առաջ։ Նա խեղդամահ է եղել։

Մինչ կժամաներ դատական բժիշկը, ոստիկանության ծառայողները առանձնապես դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով՝ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հայտնաբերել ու ձերբակալել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 21-ամյա Արամո Օ․-ին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ, խեղդամահ անելու եղանակով։

Կասկածյալը փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը և մատնացույց է արել արդուկը, որի լարով էլ խեղդամահ է արել իր զոհին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալը Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։