Թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսել է աջ ու ձախ դժգոհել երիտասարդ հանրապետականների հավատարմությունից:  «Նա հավատարմությունը չափում է իր գլխավոր թշնամու՝ վարչապետ Սարգսյանի հետ հարաբերության մակարդակով:

Մեր տեղեկություններով` Արգամիչի դժգոհության թիրախներից է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը վերջին շրջանում ոչ միայն մտերմացել է վարչապետի հետ, այլեւ հնարավորինս ընդգծում է, որ նախընտրում է ինտելեկտուալ կուսակիցների հետ շփումը, ինչը նկատելի է նաեւ կառավարության նիստերում, երբ Աշոտյանը գերազանցիկի պես, ցուցադրական հարգանքով զեկուցում է վարչապետին:

Աշոտյանի պահվածքն այնքան է վրդովեցրել Արգամիչին, որ վերջինս այստեղ-այնտեղ հայտարարում է, թե ինքն է աճեցրել ու մարդ դարձրել ոմանց, սակայն նրանք ձգտում են մերձենալ վերջերս ՀՀԿ-ացած Տիգրան Սարգսյանի հետ: Աշոտյանին դատափետելու մի առիթ էլ դարձել է նրա մասնակցությունը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի ծննդյան տարեդարձին »,- գրում է «Հրապարակ»-ը: