Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հանել առաջին զենքի ձեռքբերման ժամանակ ծագող տեխնիկական խնդիրները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հուլիսի 13-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե  Սարգսյանը։

Նրա խոսքով՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2022թ. հոկտեմբերին։ Այն ուժի մեջ է մտել 2023թ. հունիսի 1-ին։ Այնուամենայնիվ, որոշ կարգավորումներ ճշտումներ էին պահանջում։

Նոր փոփոխությունները, օրինակ, կկարգավորեն ոչ միայն հենց զենքի, այլեւ զինամթերքների շրջանառությունը։ Երկրորդ փոփոխությունը վերաբերելու է զենքի ձեռքբերման մեխանիզմներին այն մարդկանց համար, ովքեր մինչ այդ դրա թույլտվություն չեն ունեցել։ Մասնավորապես, գործող օրենքով քաղաքացիները պետք է անվտանգության կանոններին տիրապետելու քննություն հանձնեն լիցենզավորված հանրային ռազմամարզական կազմակերպություններում։ «Սակայն հաշվի առնելով այն, որ ռազմամարզական կազմակերպությունների հարցը պետք է դառնա մանրակրկիտ քննարկման առարկա մեկ այլ օրենքի շրջանակում, ինչպես նաեւ այն, որ պետք է գտնվեն ավելի ճիշտ որոշումներ, առաջարկում ենք օրենքից հանել այն կետերը, որոնք կապված են այդ կազմակերպությունների հետ։ Ընդ որում, մենք կպահպանենք քննությունների հանձնման կանոնը, որպեսզի քաղաքացիները առաջին զենքը ձեռք բերելու հնարավորություն ունենան»,- ասել է փոխնախարարը։

Դրա համար կսահմանվեն քննությունների հանձնման պարզեցված մեխանիզմներ։ Կան նաեւ այլ փոփոխություններ։ Հայ սպաներին դաշույնով պարգեւատրել այժմ կկարողանա նաեւ հանրապետության պաշտպանության նախարարը։ Մինչ այդ դա միայն վարչապետի արտոնությունն էր։