ՀԱՊԿ երկրների համար կարեւոր է ապահովել հավաքական պատրաստվածություն ինչպես բնական, այնպես էլ կանխամտածված բնույթի կենսաբանական սպառնալիքներին: Այս մասին Մինսկում կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան, փոխանցում է ԲԵԼԹԱ-ն։

«Կարեւոր է ապահովել մեր հավաքական պատրաստվածությունը ինչպես բնական, այնպես էլ կանխամտածված բնույթի սպառնալիքներին, այդ թվում՝ կենսաբանական։ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ մյուս երկրներն ունեն անհրաժեշտ ներուժ նման մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասել է Պոպովան։

«Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ բացահայտելով մեր սահմանների մոտ Արեւմուտքի երկրների բազմամյա վտանգավոր գործունեության փաստերը, որոնք կապված են կենսաբանական զենքի ստեղծման համար վտանգավոր պաթոգենների հետազոտությունների հետ։ Մենք բազմիցս տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս փաստերի կապակցությամբ դիմել ենք միջազգային հանրության ուշադրությանը»,-ասել է Պոպովան։