2010 թվականի բյուջեի նախագիծը իր վրա կրում է 2009 թվականի տնտեսական ճգնաժամի հետքերը։ Մյուս տարվա համար նախատեսված 1,2 տոկոս տնտեսական աճը, այս տարվա տնտեսության 15 տոկոսի անկման հետեւանքն է։ Այդ մասին NEWS.am լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Սակայն, նա ընդգծել է, որ տնտեսության մեջ, երկրի դրական տնտեսական միտումները կնկատվեն այս տարվա վերջին եռամսյակում։ Այնուամենայնիվ, Մինասյանը դժվարացել է տալ ճշգրիտ նախագուշակումներ, կապված 2010 թվականի բյուջետի հնարավոր լիովին իրականացման հետ։ «Ընդհանրապես կանխագուշակումներ կարելի է անել տնտեսության շուրջ, բայց ճգնաժամը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Սակայն Հայաստանի տնտեսական անկումը արդեն կրիտիկական կետում է գտնվում, սրանից վատ արդեն չի կարող լինել, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսության անկմանը կհետեւի նրա առողջացման փուլը, այնպես որ հուսանք, որ մենք գտնվում ենք այդ փուլում»,-հայտարարել է խորհրդարանականը։ Վատ է այն, նշել է նա, որ տնտեսական առողջացման գործընթացը դանդաղ կընթանա, քան անկումը, բայց հուսանք, որ 2010 թվականին նախատեսած 1,2 տոկոս տնտեսական աճը, այնուամենայնիվ, կկարողանա հաստատվել։ «Չնայած բարդ տնտեսական իրավիճակին, 2010 թվականի բյուջեի նախագծում սոցիալական ոլորտին ուղղված հոդվածները կրճատված չեն, եւ դա արդեն մեծ նվաճում է։ Ծախսերի կրճատումը հիմնականում իրականացվում է պետական ապարատի ծախսերի եւ պետական աշխատողների գործուղմանը ուղղված միջոցների խնայողության հաշվին։ Իհարկե, դրանք ծայրահեղ միջոցներ են, քանի որ բացասական են ազդում պետապարատի արդյունավետ աշխատանքների վրա, բայց մենք ստիպված էինք դիմել այդ միջոցներին»,-հայտնել է Մինասյանը։ Խորհրդարանականների խոսքով՝ ամենաընկճողը պակասորդի ցուցանիշն է, քանի որ Հայաստանի նախկին բյուջեները միշտ տարբերվել են ցածր ցուցանիշներով եւ չէին գերազանցում 3 տոկոսը։ 2010 թվականին նախատեսվում է 5,7 տոկոսի դեֆիցիտ։ « Հաշվի առնելով ճգնաժամը՝ 2010 թվականին ծախսերի ծածկման համար խոշոր վարկային միջոցներ են ներդրված, եւ դա ճգնաժամի դեմը առնելու ամենաարդյունավետ տարբերակն է, քանի որ ճգնաժամի ընթացքում մասնավոր ներդրողները տնտեսության մեջ ներդրումներ չեն անում, եւ այդ գործողությունը իրականացնում է պետությունը»,-հայտարարել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ վարկերը հիմնականում ուղղված են երկու ոլորտների՝ շինարարությանը եւ հանքարդյունաբերությանը։ «Այս ոլորտներում ներդրումները արտացոլվում են նաեւ այլ ոլորտների գործունեությունների ակտիվացման վրա, ինչպես նաեւ մեղմացնում են ճգնաժամի սոցիալական հետեւանքները»,-նշել է խորհրդարանականը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ վարկերը վերջնարդյունքում Հայաստանի տնտեսության համար բեռ չեն դառնա՝ հաշվի առնելով ոչ միայն վարկի մայր գումարի, այլեւ տոկոսների մարման անհրաժեշտությունը,Մինասյանը նշել է. «Դա շատ հրատապ հարց է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միշտ ունեցել է արտաքին պետական պարտքի ցածր մակարդակ, այս տարի հավելյալ վարկերի ավելացումը այնքան էլ չի բարդացնի պետության իրավիճակը»։ Նշենք, որ 2010 թվականի բյուջետի եկամտի հոդվածը 676 միլիարդ դրամ է կազմում, իսկ հարկերի եկամուտները կկազմեն 535 միլիարդ դրամ։ Ծախսերը կկազմեն 859 միլիարդ դրամ, պակասորդը՝ 183 միլիարդ դրամ։ Իսկ արտաքին աղբյուրներից Հայաստանի բյուջե կներգրավվի 92 միլիարդ դրամ։
Գագիկ Մինասյան. 2010 թվականի բյուջեի նախագիծը իր վրա կրում է 2009 թվականի տնտեսա
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























