ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի ամիս տեւած ստուգումից հետո դադարեցրել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի ֆինանսավորումը: ԱՄՆ առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարությունը հուլիսի 17-ին այդ մասին տեղեկացրել է ինստիտուտին, հաղորդում է Bloomberg-ը։
Այս որոշումն ամերիկյան կողմը կայացրել է այն բանից հետո, երբ Ուհանի ինստիտուտը չի կարողացել պահանջվող փաստաթղթերը տրամադրել ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներին (NIH)՝ լաբորատորիայում անվտանգության խնդիրների մասին հաղորդումների ֆոնին:
«Այս քայլը ձեռնարկվել է այն պատճառով, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի տրամադրել NIH-ի կողմից պահանջվող հետազոտության փաստաթղթերը»,-հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարության խոսնակը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիան 2020 թվականի հուլիսից ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտներից որեւէ դաշնային ֆինանսավորում չի ստացել:





























