Պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ինչպես NEWS.am–ին  հյատնեցին պաշտպանության մամուլի ծառայությունում, մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից, նախագահի ռազմական տեսչությունից, ֆինանսների նախարարությունից, նպատակ ունի մասնագիտական առաջարկություններով աջակցել պաշտպանության նախարարության ծրագրային գերակայությունների եւ առաջնահերթությունների քննարկմանն ու հաստատմանը, նպաստել պետական ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Կարեւորելով նորաստեղծ հանձնաժողովի առաքելությունը`Օհանյանը նշել է, որ ֆինանսաբյուջետային պլանավորումը մասնագիտական բարձր չափանիշներով իրականացնելը կարող է նպաստել ֆինանսական միջոցները խնայողաբար եւ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելուն:

Մշտական մասնագիտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանն իր խոսքում նշել է, որ հանձնաժողովը պրոֆեսիոնալ մոտեցումներով նպաստելու է, որ պաշտպանության նախարարությունում արդյունավետորեն գործի ֆինանսական կառավարման եւ հսկողության ամբողջական համակարգ, որի շղթայի փոխկապակցված տարրերն են ռազմավարական պլանավորումը, բյուջեի կազմումը, բյուջեի կատարումը, հաշվետվությունները և ներքին աուդիտը: